ТВ и авторское право

Spread the love

 

Հեռուստաընկերությունների հեղինակային և հարակից իրավունքների, ինտերնետ-հեռուստատեսային ծառայություններ (Cabel TV, OTT,  IP TV, Web Streeming TV)  մատուցող անձանց կողմից այդ իրավունքները խախտելու և քաղաքացիաիրավական պատասխանատվության մասին

 

<<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի համաձայն Հեռուստաընկերությունը հանդիսանում է որպես հեղինակային և հարակից իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, որը ըստ <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքի հեռարձակում և վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր։

<<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հեռուստառադիոծրագիրը դա հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջություն է։

Նույն հոդվածի համաձայն հեռուստառադիոհաղորդումը հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ է, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ։

 

<<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն հեռարձակող կազմակերպության հաղորդում է համարվում տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջությունը, որը պատրաստել է եթեր հեռարձակող կամ մալուխային կապով հեռարձակող կազմակերպությունը կամ  նրա պատվերով և միջոցներով՝ այլ անձ:

Հեռուստառադիոծրագրի բովանդակությունը կազմող գովազդը և այլ նյութերը, օրինակ՝  տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը) համաձայն <<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի զ/ ենթակետի նույնպես հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտ։

 

Տեսալսողական ստեղծագործություն ասելով նույն օրենքի  34-րդ հոդվածի համաձայն հասկանում ենք ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք, որը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք և համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել։

Համաձայն նույն 34-րդ հոդվածի տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը:

Հեռուստաընկերությունը հեղինակային և հարակից իրավունքների իրավատեր է հանդիսանում կնքված հեղինակային պայմանագրերի և օրենքի ուժով։

Այսպես՝ համաձայն <<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի Հեռուստաընկերությունը հանդիսանում է գործատու և ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողների կողմից ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են իրեն։

Նույն օրենքի 34-րդ հոդվածի ուժով տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին, որը հանդիսանում է Հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերությունը օրենքի 48-րդ հոդվածի ուժով հանդիսանում է հարակից իրավունքներ կրող, քանի որ իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրել է ֆիլմեր, որոնք ցուցադրվում են իր հեռուստածրագրերում։

Հեռուստաընկերությունը օրենքի 50-րդ հոդվածի ուժով հանդիսանում է նաև հարակից իրավունքներ կրող, որպես հեռարձակող կազմակերպություն, քանի որ համարվում է այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ հեռարձակվում կամ պատրաստվում ու հեռարձակվում են հաղորդումներ։

Ավելին՝ բացի վերը նշվածից սեփական արտադրանք չհանդիսացող մտավոր գործունեության արդյունքները /հաղորդումներ, մուլտֆիլմներ, սերաիլներ, ֆիլմեր և այլն/, որոնք ընդգրկված են հեռուստածրագրերում Հեռուստաընկերությունը սովորաբար ձեռք է բերում օգտագործման իրավունքի համար վճարի դիմաց՝ համապատասխան տեղական և արտասահմանյան իրավատերերի հետ <<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 39-րդ, 40-րդ հոդվածների պահանջներին համապատասխան հեղինակային պայմանագրեր կնքելու եղանակով։

Այսպիսով՝ հաշվի առնելով վերը նշվածը ակնհայտ է, որ Հեռուստաընկերությունը, որպես իրավաբանական անձ իր կողմից ցուցադրվող կոնտենտի նկատմամբ ունի հեղինակային և հարակից իրավունքների օգտագործման բացառիկ իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու իրավունքը։

Համաձայն <<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի այդ բացիռիկ  իրավունքներն են՝

  1. ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք), որը նույն օրենքի 14-րդ հոդվածի իմաստով համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի։
  2. ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք), որը նույն օրենքի 15-րդ հոդվածի իմաստով համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը։
  3. ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք), որը նույն օրենքի 19-րդ հոդվածի իմաստով համարվում ոչ նյութականացված ձևով ստեղծագործությունը հանրության անդամներին մատչելի դարձնելն անմիջական կատարման միջոցով կամ դրա տեսաձայնագրության հաղորդման միջոցով՝ հաղորդալարով կամ առանց հաղորդալարի: Հանրությանը հաղորդումը նաև ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձևով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում և պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով:
  4. ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք), որը նույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով համարվում էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումը հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյակային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։
  5. ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք), որը նույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով համարվում է հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից։
  6. ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։

<<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն hեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հաղորդումը և հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն: Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները`

  1. հաղորդման ամրագրումը.
  2. ամրագրված հաղորդման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.
  3. ամրագրված հաղորդման օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը.
  4. հաղորդման վերահեռարձակումը.
  5. հաղորդման հաղորդումը հանրության համար վճարովի մուտքով վայրերում.
  6. հաղորդումը հանրությանը մատչելի դարձնելը:

<<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>>  ՀՀ օրենքի 39-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածների տրամաբանությամբ այլ անձինք հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի օբյեկտները կարող են օգտագործել միայն դրանց նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե  օրենքով այլ բան նախատեսված չէ: Հակառակ դեպքում համաձայն նույն օրենքի  65-րդ հոդվածի  օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման

օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։

Այսպիսով՝ Cabel TV, OTT, IP TV, Web Streeming TV  և նմանատիպ ծառայություն մատուցող և կազմակերպող ցանկացած անձի կողմից հեռուստաընկերության հեռուստածրագրերի ցուցադրումը ապօրինի է, քանի դեռ վերջինս նախապես, մինչև նման եղանակով օգտագործելը հեռուստաընկերությունից ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների թույլտվություն։

Ապօրինի օգտագործումը դրսևորվում է մասնվաորապես համակարգչային հոստ սերվերների վրա վերարտադրության ( Հոդված 13, մաս 1, կետ <<ա>>, Հոդված 14, Հոդված 51, մաս 2, կետ <<բ>>), վերահեռարձակման (Հոդված 13, մաս 1, կետ <<ժա>>, Հոդված 21)  և հանրությանը մատչելի դարձնելու այնպիսի ձևով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում և պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով  (Հոդված 13, մաս 1, կետ <<է>>, Հոդված 19):

Հետևաբար առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները այն է, Իրավատիրոջ պահանջով նրան  վճարել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը /Քաղ․ օր․ հոդված 1137/:

Հեղինակ՝  Արթուր Վարդերեսյան, ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն

error: Content is protected !!