ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք (Մաս 10)
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 62
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1100. | Մտավոր սեփականության օբյեկտները |
1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները:
2. Մտավոր գործունեության արդյունքներ են`
1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները.
2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները.
3) գյուտերը, արդյունաբերական դիզայնները.
4) սելեկցիոն նվաճումները.
5) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները.
6) չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու).
7) բույսերի սորտերը:
3. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են`
1) ֆիրմային անվանումները.
2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները).
3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։
4. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության օբյեկտներ կարող են լինել մտավոր գործունեության այլ արդյունքներ և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների ու ծառայությունների անհատականացման այլ միջոցներ:
(1100-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1101. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը |
1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ծագում են դրանց ստեղծման փաստի ուժով կամ լիազորված պետական մարմնի կողմից սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` այդ օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու հետևանքով:
2. Չբացահայտված տեղեկատվությանն իրավական պահպանություն տրամադրելու պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 1102. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները |
1. Մտավոր գործունեության արդյունքների հեղինակին են պատկանում այդ արդյունքների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները:
2. Անձնական ոչ գույքային իրավունքները հեղինակին են պատկանում անկախ նրա գույքային իրավունքներից և պահպանվում են մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ նրա գույքային իրավունքներն այլ անձի անցնելիս:
Հոդված 1103. | Հեղինակության իրավունք |
1. Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) անձնական ոչ գույքային իրավունք է և կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը:
2. Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և գործում է անժամկետ:
3. Եթե արդյունքն ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, նրանք համարվում են համահեղինակներ:
Հոդված 1104. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները |
1. Մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ` անհատականացման միջոցներ) նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:
2. Ուրիշ անձանց կողմից մտավոր սեփականության այն օբյեկտների օգտագործումը, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է դրանց իրավատիրոջը, թույլատրվում է միայն վերջինիս համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի տիրապետողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն այլ անձի փոխանցել այդ իրավունքը, նրան թույլատրել օգտագործելու և տնօրինելու այդ օբյեկտը, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի և այլ օրենքների կանոններին:
4. Բացառիկ իրավունքների սահմանափակումները` ներառյալ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու միջոցով, այդ իրավունքներն անվավեր ճանաչելն ու դրանց դադարեցնելը (չեղյալ հայտարարելը) թույլատրվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, սահմաններում ու կարգով, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը և անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը:
(1104-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)
Հոդված 1105. | Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը |
1. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:
2. Գույքային իրավունքների փոխանցումը պայմանագրով և դրանց անցումը համապարփակ իրավահաջորդության կարգով չեն հանգեցնում հեղինակության իրավունքի և այլ անօտարելի ու անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունքների փոխանցման կամ սահմանափակման: Նման իրավունքները փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի:
3. Պայմանագրով փոխանցվող բացառիկ իրավունքները պետք է որոշվեն դրանով: Պայմանագրում որպես օտարելի չնշված իրավունքները ենթադրվում են չփոխանցված, եթե այլ բան ապացուցված չէ:
(վերնագիրը խմբ. 04.12.01 ՀՕ-270)
(1105-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.01 ՀՕ-270)
Հոդված 1106. | Լիցենզային պայմանագիր |
1. Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը:
2. Լիցենզային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն վարձատրության չափը և (կամ) այն որոշելու կարգն ու դրա վճարման ժամկետները:
3. Լիցենզային պայմանագիրը պետք է սահմանի տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները:
4. Լիցենզային պայմանագրով լիցենզառուին կարող են տրամադրվել`
1) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու լիցենզատուի իրավունքը (հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա).
2) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (եզակի լիցենզիա).
3) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).
4) օրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ:
Եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է հասարակ (ոչ բացառիկ):
5. Լիցենզառուի կողմից մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու մասին պայմանագիրը ենթալիցենզային պայմանագիր է: Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում:
Լիցենզառուն պատասխանատվություն է կրում լիցենզատուի առջև ենթալիցենզառուի գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով:
(1106-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1107. | Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր |
1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործելու նպատակները կամ եղանակները:
3. Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք մտավոր գործունեության ցանկացած արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:
4. Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:
Հոդված 1108. | Բացառիկ իրավունքը և սեփականության իրավունքը |
Մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման արդյունքը կամ անհատականացման միջոցը:
Հոդված 1109. | Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը |
Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված ժամկետում:
Հոդված 1110. | Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները |
1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև`
1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ.
2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում.
3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
2. Մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործման պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26):
(1110-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 63
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1111. | Հեղինակային իրավունքի օբյեկտները |
1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից:
2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:
3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված` ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց:
4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):
5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:
6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:
(1111-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1112. | Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները |
Հեղինակային իրավունքի օբյեկտներ են`
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները:
(1112-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1113. | Ստեղծագործության մասերը և ածանցյալ ստեղծագործությունները |
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ են` սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջները բավարարող ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները և ածանցյալ ստեղծագործությունները:
2. Ածանցյալ ստեղծագործություններ են`
1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները).
2) թարգմանությունները.
3) ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և իրենցից ըստ նյութերի ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք ներկայացնող այլ հավաքածո ստեղծագործությունները:
3. Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են:
(1113-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1114. | Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները |
Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։
(1114-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1115. | Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները |
1. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին):
2. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծեր մշակողներն իրավունք ունեն հրապարակել նախագիծը, եթե նախագիծը մշակելու հանձնարարությունը տվող մարմինն այն չի արգելում: Նախագիծը հրապարակելիս մշակողներն իրավունք ունեն նշել իրենց անունը:
3. Իրավասու մարմինը պաշտոնական փաստաթուղթ նախապատրաստելու նպատակով կարող է նախագիծն օգտագործել առանց մշակողի համաձայնության, եթե նախագիծը հրապարակել կամ համապատասխան մարմին է ուղարկել մշակողը:
4. Նախագծի հիման վրա պաշտոնական փաստաթղթեր, խորհրդանիշներ և նշաններ նախապատրաստելիս պաշտոնական փաստաթուղթը, խորհրդանիշը կամ նշանը նախապատրաստող մարմնի հայեցողությամբ նախագծում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:
5. Իրավասու մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը կարող է օգտագործվել առանց մշակողի անունը նշելու:
Հոդված 1116. | Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը |
1. Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:
2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:
3. Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ լույս ընծայելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) լույս ընծայողը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը: Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:
(1116-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1117. | Համահեղինակություն |
1. Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:
2. Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:
3. Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:
5. Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել մյուս համահեղինակներին՝ օգտագործելու ստեղծագործությունը:
(1117-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1118. | Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակները |
1. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներ են համարվում այլ անձանց ստեղծագործությունները վերամշակած անձինք` թարգմանիչները, ժողովածուներ և այլ հավաքածո ստեղծագործություններ կազմողները:
2. Ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից` վերամշակված, թարգմանված կամ հավաքածո ստեղծագործության մեջ ներառված ստեղծագործության հեղինակի իրավունքը պահպանելու պայմանով:
3. Ածանցյալ ստեղծագործություններ ստեղծողների հեղինակային իրավունքը չի խոչընդոտում այլ անձանց արդեն իսկ օգտագործված ստեղծագործությունների հիման վրա ստեղծելու իրենց ածանցյալ ստեղծագործությունները, եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը:
(1118-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1119. | Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները |
1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ: Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ:
2. Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն օգտագործելու բացառիկ իրավունք ունեն: Հրատարակիչն իրավունք ունի նման հրատարակության ցանկացած օգտագործման դեպքում նշել կամ պահանջել, որ նշվի իր անվանումը:
Նման հրատարակություններում ներառված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու բացառիկ իրավունքներ` անկախ այն ամբողջությամբ հրատարակելու հանգամանքից, եթե այլ բան նախատեսված չէ ստեղծագործության ստեղծման պայմանագրով:
Հոդված 1120. | Հեղինակային իրավունքի պահպանության նշանը |
1. Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.
2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:
(վերնագիրը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
(1120-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1121. | Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները |
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).
2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).
3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).
4) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք` դրա հետևանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։
(1121-րդ հոդվածը խմբ. 04.12.01 ՀՕ-270, 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1122. | Ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը |
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1123. | Ստեղծագործությունը հրապարակելու իրավունքը |
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1124. | Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը |
1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`
1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).
2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).
4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).
5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).
6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).
7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).
8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).
12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:
2. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի:
4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը:
5. Եթե ստեղծագործության օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածելը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Ստեղծագործությունն օգտագործված է համարվում անկախ այն բանից այն օգտագործվել է շահույթ ստանալու նպատակով, թե առանց այդ նպատակի:
7. Ստեղծագործության (գյուտերի, այլ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլ որոշումների) բովանդակությունը կազմող դրույթների գործնական կիրառումը հեղինակային իրավունքի տեսանկյունից ստեղծագործության օգտագործում չէ:
(1124-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1125. | Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը տնօրինելը |
1. Հեղինակը կամ այլ իրավատերը կարող է պայմանագրով` ներառյալ հրապարակային սակարկություններում կնքված, ստեղծագործությունն օգտագործելու իր բոլոր իրավունքները փոխանցել այլ անձի (օգտագործման իրավունքի օտարում):
2. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցվում է համապարփակ իրավահաջորդության կարգով (1105 հոդվածի 1-ին կետ):
3. Իրավատերը կարող է այլ անձի հանձնել որոշակի սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն (լիցենզիա): Թույլտվությունը պահանջվում է ստեղծագործությունն ինչպես նախնական, այնպես էլ վերամշակված ձևով` ներառյալ թարգմանության, դաշնակման և այլն, օգտագործելու համար:
4. Ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն (1105 հոդվածի 2-րդ կետ):
Հոդված 1126. | Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը |
1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:
Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար:
2. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի և այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։
(1126-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1127. | Գույքային իրավունքների սահմանափակումները (վերնագիրը խմբ.15.06.06 ՀՕ-143-Ն) |
1. Գույքային իրավունքների սահմանափակումները կիրառվում են պայմանով, եթե դրանք անհարկի վնաս չեն պատճառում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:
2. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի և այլ անձանց գույքային իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում:
(1127-րդ հոդվածը փոփ.15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1128. | Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը |
1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:
4. (կետն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-270)
(1128-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-270, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1129. | Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։
2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։
(1129-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1130. | Հեղինակային իրավունքի գործողության սկիզբը |
1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից` անկախ դրա լույս ընծայումից: Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից:
2. Եթե ստեղծագործության վրա չի տարածվում սույն օրենսգրքի 1129 հոդվածի գործողությունը, ապա նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պահպանվում է ստեղծագործության առաջին հրապարակման պահից, եթե դա իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 1131. | Գույքային իրավունքների գործողության ժամկետը |
1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո` 70 տարի:
2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի:
3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները:
4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
(1131-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1132. | Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը |
1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության:
Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն:
2. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվեն հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(1132-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, լրաց. 04.12.01 ՀՕ-270, փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1133. | Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը |
1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:
3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:
Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:
5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։
(1133-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1134. | Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը |
1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:
3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:
4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:
5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:
7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:
(1134-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1135. | Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը |
1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:
2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:
Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:
4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:
5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:
6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:
8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:
(1135-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1136. | Հեղինակային պայմանագրով պատասխանատվությունը |
1. Հեղինակային պայմանագրով պարտավորությունները չկատարած կամ անպատշաճ կատարած կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմին պատճառված վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը:
2. Եթե հեղինակը պատվիրված ստեղծագործությունը չի ներկայացրել պատվերի պայմանագրի պայմաններին համապատասխան, ապա նա պարտավոր է հատուցել պատվիրատուին պատճառված իրական վնասը:
Հոդված 1137. | Պատասխանատվությունը ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար |
1. Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։
2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝
ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`
բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։
(1137-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1138. | Հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորումը |
Հեղինակային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Գ Լ ՈՒ Խ 64
ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 1139. | Հարակից իրավունքների օբյեկտները |
Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձևավորումների վրա։
Հարակից իրավունքների ծագման և իրականացման համար որևէ ձևականություն չի պահանջվում:
(1139-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1140. | Հարակից իրավունքների սուբյեկտները |
1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները և հրատարակիչները։
2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:
3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:
4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:
5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:
6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին:
7. Հրատարակչական ձևավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:
8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով կամ պայմանագրով անցնել այլ անձի:
(1140-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1141. | Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը |
Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝
1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.
2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.
3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:
(1141-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1142. | Հարակից իրավունքների գործողության ժամկետը |
1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։
2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։
3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի:
4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից և գործում են 50 տարի։
5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից և գործում է 50 տարի:
6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են 15 տարի։
Եթե մինչև նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որևէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:
7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
(1142-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1143. | Հարակից իրավունքներով հարաբերությունների իրավական կարգավորումը |
Հարակից իրավունքներով հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1143-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 65
ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1144. | Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի`
1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին.
2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին.
3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:
3. Գյուտին, արդյունաբերական դիզայնին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքները:
(1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1145. | Գյուտը, արդյունաբերական դիզայնն օգտագործելու իրավունքը |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Արտոնագրով պաշտպանված գյուտը, արդյունաբերական դիզայնն իր հայեցողությամբ օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրի տիրոջը:
2. Առանց արտոնագրի տիրոջ թույլտվության այլ անձինք իրավունք չունեն օգտագործել գյուտը, արդյունաբերական դիզայնը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը` «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներին համապատասխան` արտոնագրի տիրոջ իրավունքների խախտում չէ:
(1145-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1146. | Արտոնագրի նկատմամբ իրավունքը տնօրինելը |
Արտոնագիր ստանալու իրավունքը, հայտի գրանցումից բխող իրավունքները, արտոնագրի տիրապետման իրավունքը և արտոնագրից բխող իրավունքները կարող են լրիվ կամ մասնակի փոխանցվել այլ անձի:
Հոդված 1147. | Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի հեղինակին են պատկանում գյուտի ու արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, արդյունաբերական դիզայնն անվանակոչելու իրավունքը:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահից:
3. Որպես գյուտի և արդյունաբերական դիզայնի հեղինակ հայտում նշված անձը հեղինակ է համարվում, եթե այլ բան ապացուցված չէ:
(1147-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1148. | Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
(1148-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1149. | Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
(1149-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1150. | Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
(1150-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1151. | Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի տված գյուտի արտոնագիրը, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը և արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:
2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության տված արտոնագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
3. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք կամ նրանց իրավահաջորդները Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալ գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագրեր, եթե սահմանված կարգով հայտարկված լուծումը համապատասխանում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով` գյուտերին կամ արդյունաբերական դիզայններին ներկայացվող պահանջներին:
(1151-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, 10.06.08 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1152. | Արտոնագրի գործողության ժամկետը |
Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
(1152-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1153. | Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու պայմանագրի ձևը և դրանից ծագող իրավունքների գրանցումը |
1. Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1153-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1154. | Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերի ձևը և դրանցից ծագող իրավունքների գրանցումը |
1. Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերը կնքվում են գրավոր, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1154-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1155. | Պատասխանատվությունն արտոնագիրը խախտելու համար |
Արտոնագրի տիրոջ պահանջով արտոնագրի խախտումը պետք է դադարեցվի, իսկ իրավախախտողը պարտավոր է արտոնագրի տիրոջը հատուցել կրած վնասները:
Հոդված 1156. | Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը |
Արտոնագրի տիրոջ իրավունքները սահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ հայտարարելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու պայմանները սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
Արտոնագիրը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով:
(1156-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, խմբ. 24.10.18 ՀՕ-408-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Գ Լ ՈՒ Խ 66
ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 1157. | Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները |
1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
2. Բուսաբուծության մեջ բույսի նոր սորտ է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:
3. Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը:
4. Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով:
5. Սելեկցիոն նվաճումների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների պահպանության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1146-1151, 1153-1156 հոդվածների կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այդ դեպքում լիազոր մարմնի իրավունքները և պարտականություններն իրականացնում է այն պետական մարմինը, որի վրա դրված է սելեկցիոն նվաճումների փորձարկումը և պահպանությունը:
(1157-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, 24.11.04 ՀՕ-141-Ն, փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1158. | Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը |
1. Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին:
2. Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկցիոն նվաճումների համար գրանցված անվանումների կիրառումը պարտադիր է: Արտադրված և (կամ) վաճառվող սերմերին, տոհմային նյութին գրանցվածից տարբեր անվանում շնորհել չի թույլատրվում:
3. Գրանցված սելեկցիոն նվաճման անվանումը դրան չվերաբերող արտադրված և (կամ) վաճառվող սերմերին և տոհմային նյութին շնորհելն արտոնագրի տիրոջ ու սելեկցիոների իրավունքների խախտում է:
(1158-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1159. | Սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջ իրավունքները |
Սելեկցիոն նվաճման օգտագործման բացառիկ իրավունքը, «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմաններում, պատկանում է սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջը:
(1159-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1160. | Սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջ պարտականությունները |
Սելեկցիոն նվաճման արտոնագրի տերը պարտավոր է բույսերի համապատասխան սորտը կամ կենդանիների համապատասխան ցեղը պահպանել արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում այնպես, որպեսզի պահպանվեն բույսերի սորտի և կենդանիների ցեղի գրանցման ժամանակ կազմված նկարագրության մեջ նշված հատկանիշները:
Հոդված 1161. | Սելեկցիոն նվաճման նկատմամբ արտոնագրի գործողության ժամկետը |
Սելեկցիոն նվաճման նկատմամբ արտոնագրի գործողությունն սկսվում է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում նվաճումը գրանցելու և արտոնագիրը տալու օրվանից: Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(1161-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1162. | Սելեկցիոն նվաճումներն օգտագործելու թույլտվությունը |
1. (նախադասությունը հանվել է 07.02.00 ՀՕ-29): Սելեկցիոն նվաճմանն իրավական պահպանություն տրամադրելը հիմք չէ դրա օգտագործման թույլտվության համար:
2. Օգտագործման թույլատրվող բույսերի սորտերի և կենդանիների ցեղերի տեսակների գրանցումը սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում կատարում է սելեկցիոն նվաճումների փորձարկումները և պահպանություն իրականացնող պետական մարմինը` դրանց տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների հիման վրա:
3. Բույսերի սորտերը և կենդանիների ցեղերն օգտագործելու թույլտվության հայտը ներկայացվում է սելեկցիոն նվաճումների փորձարկումներ և պահպանություն իրականացնող պետական մարմին:
(1162-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29)
Գ Լ ՈՒ Խ 67
ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1163. | Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները |
1. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիային իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայագիր:
2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման և վկայագիր տալու կարգն ու պայմանները սահմանվում են «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1163-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 68
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1164. | Չբացահայտված տեղեկատվության իրավական պահպանության պայմանները |
1. Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք անհայտ են երրորդ անձանց (չբացահայտված տեղեկատվություն), օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի այդ տեղեկատվությունը պահպանել ապօրինի օգտագործումից, եթե պահպանված են սույն օրենսգրքի 141 հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները:
2. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):
3. Չբացահայտված տեղեկատվության պահպանության կանոնները չեն կիրառվում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք (իրավաբանական անձանց, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, պետական վիճակագրական հաշվետվության տեղեկությունները և այլն):
4. Չբացահայտված տեղեկատվության պահպանության իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն օրենսգրքի 141 հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները:
Հոդված 1165. | Պատասխանատվությունը չբացահայտված տեղեկատվության ապօրինի օգտագործման համար |
1. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի հիմքերով ստացած, տարածած կամ օգտագործած անձը պարտավոր է այդ տեղեկատվության օրինական տիրոջը հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները:
2. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է տարածելու իրավունք չունեցող անձից, որի մասին չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից հետո, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:
3. Չբացահայտված տեղեկատվությունն օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի ապօրինի օգտագործողից պահանջել անհապաղ դադարեցնելու դրա օգտագործումը: Սակայն դատարանը, հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման վրա բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը, կարող է դրա հետագա օգտագործումը թույլատրել հատուցելի ոչ բացառիկ լիցենզիայի պայմաններով:
4. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի այդ տեղեկություններն օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից ու վերջինիս հանդեպ պատասխանատվություն չի կրում դրա օգտագործման համար:
Հոդված 1166. | Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը փոխանցելը |
1. Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է այդ տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի (հոդված 1106):
2. Լիցենզառուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել պայմանագրով ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և լիցենզատուին հավասար ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, լիցենզառուն տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե համապատասխան տեղեկությունները շարունակում են լինել չբացահայտված տեղեկատվություն:
Հոդված 1166.1. | Ֆիրմային անվանումը |
1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից։
2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի հերթականություն։
3. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։
4. Առևտրային կազմակերպությունը պարտավոր է իր անվանման մեջ օգտագործել նաև օրենքով նախատեսված համապատասխան բառեր:
5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին։
6. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը որոշվում է իրավաբանական անձը հիմնադրելիս կամ վերակազմակերպման ժամանակ և գրանցվում (փոփոխվում) է օրենքով սահմանված կարգով:
(1166.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Գ Լ ՈՒ Խ 69
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
§ 1. ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ
Հոդված 1167. | Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը |
1. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաև՝ ֆիրմային անվանման իրավատեր)։
2. Ֆիրմային անվանման իրավատերը բացառիկ իրավունք ունի`
1) օգտագործելու իր ֆիրմային անվանումը.
2) արգելելու երրորդ անձանց օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը։
3. Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
(1167-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1168. | Ֆիրմային անվանման օգտագործումը |
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ և պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը և ֆինանսական գործառնություններ կատարելը։
2. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում նաև տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով ֆիրմային անվանման կիրառումը ցուցանակների, ձևաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև օրենքով չարգելված այլ կիրառումներ։
3. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։
4. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան։
5. Ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակող անունը կարող է օգտագործվել տվյալ իրավաբանական անձի ապրանքների և (կամ) ծառայությունների անհատականացման նպատակով միայն այն դեպքում, եթե տվյալ ապրանքի (կամ) ծառայությունների համար դա օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես ապրանքային նշան կամ ներառվել և պահպանություն է ստացել որպես այդպիսի ապրանքային նշանի տարր։
6. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:
7. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
8. Որպես ֆիրմային անվանում` արգելվում է օգտագործել այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝
1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.
3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա.
4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է օգտագործվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ.
5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.
6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, առաջացնում է կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:
9. Որպես ֆիրմային անվանում` չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը.
3) պարունակում են օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայությունը, և նման հիմքեր բացակայում են:
10. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:
11. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին կամ նրա մաս կազմող բառային կամ ձայնային տարրին:
(1168-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1169. | Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը |
1. Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում:
3. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
4) իրավաբանական անձը լուծարվել է։
(1169-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1170. | Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը փոխանցելը |
Իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը թույլատրվում է փոխանցել միայն նրա վերակազմակերպման դեպքում:
§ 2. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ
Հոդված 1171. | Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները |
1. Ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։
2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝
1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:
3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։
4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։
Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1171-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, խմբ., փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1172. | Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը և ապրանքային նշանի օգտագործումը |
1. Ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:
2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝
1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.
2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.
3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում, և այդ նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կբերի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):
3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝
1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.
2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.
3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.
4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.
5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.
6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով ապրանքային նշանի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։
4. (կետն ուժը կորցրել է 29.04.10 ՀՕ-61-Ն)
(1172-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1173. | Ապրանքային նշանի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժով միջազգային կազմակերպության գրանցած ապրանքային նշանին:
(1173-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1174. | Ապրանքային նշանը գրանցելու գործողության ժամկետը |
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը սահմանվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1174-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1175. | Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելը |
1. Վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը ապրանքային նշանի իրավատերը կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի:
2. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի փոխանցումը` ներառյալ պայմանագրով կամ իրավահաջորդության կարգով, պետք է գրանցվի լիազոր մարմնում:
(1175-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1176. | Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն |
1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով (հոդված 1106) վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի:
2. Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, և լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:
3. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարելիս դադարում է նաև լիցենզային պայմանագրի գործողությունը:
4. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար:
(1176-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1177. | Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագրերի ձևը և դրանցից բխող իրավունքների փոխանցման գրանցումը |
1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ դրանցից բխող իրավունքների փոխանցումը պետք է գրանցվի լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը և գրանցման պահանջները չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1177-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1178. | Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար |
1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17):
2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով:
(1178-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
§ 3. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԸ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
(վերնագիրը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1179. | Ծագման տեղանվան իրավական պահպանությունը |
(վերնագիրը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Ծագման տեղանուն է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:
2. Ծագման տեղանվանն իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ծագման տեղանունը գրանցում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր:
3. Վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1179-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, խմբ., փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1179.1. | Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը |
1. Աշխարհագրական նշում է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:
2. Աշխարհագրական նշմանն իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:
Գրանցման հիման վրա տրվում է աշխարհագրական անվանման օգտագործման վկայագիր:
3. Աշխարհագրական նշման գրանցման, օգտագործման վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Աշխարհագրական նշումների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
(1179.1-ին հոդվածը լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1179.2. | Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը |
1. Երաշխավորված ավանդական արտադրանք է համարվում գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
2. Երաշխավորված ավանդական արտադրանքին իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:
3. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, օգտագործման իրավունքի ծագման, դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
(1179.2-րդ հոդվածը լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1180. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը |
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Գրանցված աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կարող են օգտագործել այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:
2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործել ցանկացած անձ, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ օգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:
(1180-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1181. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը |
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:
2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև այլ պետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(1181-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1182. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը |
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Գրանցված աշխարհագրական նշման և ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը գործում է անժամկետ՝ մինչև գրանցման գործողության դադարեցումը:
(1182-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 11821. | Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1183. | Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար |
(վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող են այդ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնել դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշման կամ անվանման օգտագործումը, վերացնել դրանք ապրանքի, դրա փաթեթավորման վրայից, գովազդի, ազդագրերի, հաշիվների և ուղեկցող այլ փաստաթղթերից, իսկ եթե դա անհնար է՝ պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթավորումը կամ ապրանքը:
(1183-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)